Քեզ ոչ համեմատում են, ոչ էլ ստուգում…

Ժամանակին դեմ եմ արտահայտվել պետության կողմից ներդրվող կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին՝  այն համարելով հայաստանյան տխուր հանրակրթության նույնքան տխուր տրամաբանության շարունակությունը։

Կամավոր ատեստավորման թեստային  գործող ձևը առարկայական գիտելիքները ստուգելուց զատ, գոնե ինձ համար, ընդունելի չէ նաև բարոյական առումով. մանկավարժությունը մրցավազք չէ, իսկ ուսուցիչների առաջադիմությունը միմյանց հետ համեմատելն ուղղակի տեղին չէ:  Պետական այդ ծրագրի խոցելի կողմներից մեկն էլ հետևյալն է՝  կարելի է թեստից բարձր արդյունքներ գրանցել, բայց, ըստ էության, հեռու լինել մանկավարժությունից կամ չկարողանալ դասարան պահել:

Մանկավարժական արդյունավետ գործունեության գնահատման համար, ըստ իս, գոյություն ունեն երեք հիմնական ցուցիչներ՝

  • մանկավարժական-մեթոդական աշխատանքը վկայող հոդվածներ
  • սովորողների հետ իրականացրած տարատեսակ նախագծեր (կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված, հեղինակային, ճամփորդական, կրթական փոխանակման, համագործակցային և այլն)
  • ինքնակրթություն (թարգմանություններ, ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք և այլն)

Իսկ հեղինակային կրթական ծրագրով դասավանդողների կամավոր ատեստավորմանը որոշեցի մասնակցել, որովհետև մեր մանկավարժության կենտրոնի առաջարկած սկզբունքները միանգամայն ընդունելի էին ինձ համար և լիովին համընկում էին մանկավարժության գործունեության գնահատման մասին իմ պատկերացումներին:

Կամավոր ատեստավորման կազմակերպման կարգին ծանոթանալուց անմիջապես հետո փորձեցի հասկանալ՝  ինչ ունեմ-չունեմ։ Ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ այն ինձնից շատ  ժամանակ չխլեց: Պարզվեց՝  մանկավարժական գործունեության մասին պահանջվելիք տեղեկությունների գերակշիռ մասը ոչ միայն կա, այլև տարիներ շարունակ խնամքով հավաքվել է Սեբաստացիական մեդիադարակում:  Հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում փաթեթը համալրվեց պակասող անհրաժեշտ տեղեկություններով։ Հայտը ներկայացրել եմ շատ ավելի ուշ՝  հոգեբանական ինչ-ինչ դժվարություններ հաղթահարելուց հետո միայն: Պետք է խոստովանեմ՝ ինձ համար այս գործընթացում ամենաբարդը, թերևս, հանրային ներկայացումն էր: Բանն այն է, որ հրապարակավ միշտ էլ դժվարացել եմ խոսել իմ արածի մասին: Ինչևէ, առաջին իսկ րոպեներից սկսած՝ լսարանի բարյացկամ, աջակցող, սիրուն ու ջերմ վերաբերմունքի շնորհիվ լարվածության հետքն անգամ չմնաց:

Եվ վերջում՝ հեղինակային կրթական ծրագրով դասավանդողների կամավոր ատեստավորումը դասավանդողի համար արժանապատիվ հնարավորություն է, հետաքրքիր ու յուրօրինակ հարթակ՝  ներկայանալու և ներկայացնելու կատարած աշխատանքը: Ու այս ամենի մեջ ամենահավեսն այն է, որ քեզ ոչ ստուգում են, ոչ էլ համեմատում, այլ հիանում են ու քեզ ծափահարում: Սրանից ավելի մեծ գնահատանք հնարավո՞ր է պատկերացնել, հազիվ թե…

Շնորհակալ եմ, կրթահամալիր ջան, շեն մնաս:

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Оставьте комментарий