Երևան-Թբիլիսի․սիրուն պատմություն

Իրականություն դարձավ ևս մեկ այցելություն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։

Նախաբան

Ես Թբիլիսին սիրող մարդ եմ։ Այնտեղ բաներ կան, որոնք ինձ միշտ դուր են եկել։

Առաջինը, թերևս, Թբիլիսի քաղաքի հին, ազնվական դիմագծերն են, որոնք ինձ մշտապես հուզմունք են պատճառում։ Միանգամայն համաձայն եմ Թումանյանի հետ․  «Թիֆլիսը․․․բայց հին Թիֆլիսը մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր․․․»։

Երկրորդը՝  մայրենի լեզվի՝ առհասարակ մշակույթի և պատմության հանդեպ ունեցած վրացիների գործնական սերն ու պաշտամունքն է, որն այցելողին տեսանելի է ամեն տեղ և ամենուր՝ փողոցից մինչև սրճարան։

Երրորդ բանը, որ տարիներ շարունակ գրավել-գրավում է Թբիլիսիում՝ հասարակական տրանսպորտն է։ Տրանսպորտի  կայացած լինելու մասին է խոսում նաև այն փաստը, որ քաղաքում քիչ են տաքսիները։

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ 15

Գիտե՞ք՝ ինչ էի համառորեն մտածում Թբիլիսիի 98-րդ դպրոցի դահլիճում նստած։ Խորհում էի՝ այս մեկը ժամն ունենալու և այս անպատմելի զգացողություններն ապրելու համար  արժեր 15 տարի շարունակ գնալ-գալ Թբիլիսի։

Պատկերացրեք միայն՝ ազգությամբ վրացի և հայ սովորողները հայերեն և վրացերեն լեզուներով արտասանում են Թումանյան, երգում և պարում են միասին։ Տոնական տրամադրությունն էլ ավելի խտացավ սուրճի սեղանի շուրջ՝ դպրոցի ուսուցիչների և Գեորգի Մոմցելիձեի հետ ունեցած համուհոտ զրույցներով։

Ներսիսյան հոգևոր դպրոց 200

Այն, ինչ տեսանք 200 տարի առաջ հիմնադրված Ներսիսյան հայկական դպրոցում, անսպասելի էր և զարմանահրաշ։ Ներսիսյան դպրոցում, ուր ի դեպ հայտնվեցինք Վրաստանում Հայաստանի դեսպանատան միջնորդությամբ, տեղակայված էր Կովկաս միջազգային համալսարանը։ Տեղ-տեղ հայկական շունչ ունեցող, սակայն ընդհանուր առմամբ՝  եվրոպականացված, գերժամանակակից կահավորում ունեցող մի կառույց, ուր միաժամանակ իրականացվում էին եվրոպական երկրների առաջավոր կրթական մի շարք ծրագրեր։ Համալսարանն ուներ 5000 ուսանող՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Հաճելի միջավայր էր՝  ազատ ու սիրուն։ Այցելության վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում մեզ միացավ նաև համալսարանի ռեկտորը։

Սիրուն պատմություն

Հյուրատունը, ուր իջևանել էինք, Ձվելի, ասել է թե՝ Հին Թբիլիսիում էր։ Դեռ անցյալ տարի էինք պարզել, որ նույն փողոցի վրա էր գտնվում նաև այն հին գինետունը, որտեղ սիրել է գինի խմել վրաց հայտնի նկարիչ Փիրոսմանին։ Խորտկարան, որի հնաբույր պատերին ցուցադրվում են Փիրոսմանիի նկարները:

Հենց այդ պանդոկում, մի խումբ սովորողների հետ, որոշեցինք մի կտոր բան ուտել։ Մեր հայերեն խոսքը լսելուց անմիջապես հետո, կողքի սեղանին նստած վրացիներից մեկը սկսեց հետաքրքվել՝ ովքեր ենք։  Ռինայի հետ ունեցած հարց ու պատասխանից պարզվեց հետևյալը․ վրացին, տարիներ առաջ եղել է Հայաստանում, իրեն հայերն այնքան լավ  են ընդունել, ինքն այնքան է տպավորվել այդպիսի հյուրասիրությունից, որ որոշել է փոխարենը Թբիլիսիում հյուրասիրել իրեն հանդիպած հայաստանցիների։ Եվ այդ հայաստանցիները մենք եղանք։

Ասեք, որ սիրուն պատմություն է․․․

Ներքևում թողնում եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերների վավերագրությունը և թբիլիսյան նկարաշարերի հղումները։ Ցանկություն դեպքում՝ կարող եք դիտել։ Շնորհակալ եմ։

Երևան_Թբիլիսի. հայ_վրացական հանրակրթական կամուրջներ 15

Տոնական հանդիպման սիրուն ավարտը

Բեմում սեբաստացիներն են

Վրացի պատանիները երգում են Թումանյան

Վրացի պատանիները կարդում են Թումանյան

Սայաթ-Նովա

Թումանյանը և Թիֆլիսը

Սեբաստացիները Թբիլիսիի 98_րդ դպրոցում են

Հայ_վրացական հանրակրթական կամուրջներ 15

Ձվելի Թբիլիսի. Հին Թբիլիսի

Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցի

Թբիլիսիի Կովկասյան միջազգային համալսարան, նախկին` Ներսիսյան հոգևոր դպրոց

Ներսիսյան հոգևոր դպրոց 200 ցուցահանդես

Թումանյանի տան պատշգամբում

Սեբաստացիները Թումանյանի տանը․ Ամաղլեբա 18

Թբիլիսյան մեր գույնզգույն հյուրատունը

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Оставьте комментарий