Գնահատման գործընթացի գործառույթները

Աշխատակարգ

Հետազոտական աշխատանք

Ղեկավար՝  Գևորգ Հակոբյան

Գնահատման գործընթացի գործառույթները

Բովանդակություն

1․ Ներածություն

2․ Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը նորմատիվ փաստաթղթերում 

3․ Համաշխարհային փորձի ուսումնասիրություն․ կառուցողական գնահատում

4․ Հեղինակային կրթական ծրագիր․ գործունեության գնահատման գործիքակազմ

5․ Կրեդիտավարկանիշային համակարգն Ավագ դպրոցում

6․ Ամփոփում

7․ Օգտագործված գրականություն, հղումներ

Ներածություն

Մեր օրերում տեղեկատվական գերարագ փոփոխությունների հետ կապված` դանդաղորեն, բայց փոխվում է նաև հասարակության վերաբերմունքը հանրակրթության, կրթության խնդիրների, ընդհանրապես` գիտելիքի վերաբերյալ: Եթե նախկինում սովորողը գնահատական էր ստանում սովորած կոնկրետ դասի, կատարած առաջադրանքների և որոշակի քանակով արված վարժությունների համար, ապա այսօր նման գնահատումը միտում ունի դուրս մղվելու. այն այլևս արդիական չէ: Գնահատանիշը կորցրել և շարունակելու է կորցնել իր ուժը, որովհետև հասարակությանն այլևս պետք չեն բարձր գնահատականներով շրջանավարտներ. այսօր աշխատաշուկան իր պահանջներն ունի, որոնք միանգամայն այլ են: Այս հանգամանքն են փաստում նաև աշխարհում կատարված ուսումնասիրությունները: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ սովորողները կիրառում են դպրոցում ստացած գիտելիքի ընդամենը 5-ից 7 %-ը: Ասել է թե` որքան գիտելիքն իրական և կիրառելի է այսօր` դպրոցում, նույնքան հավանական է և դրա կիրառումը վաղը` դպրոցն ավարտելուց հետո:
Այդ իսկ պատճառով մեր դպրոցներում հնարավորինս արագ պետք է փոխվեն ուսումնառության չափանիշները` դառնալով առավել ճկուն և կառուցողական: Առավել ևս, կառուցողական պետք է լինի գնահատումը: Գնահատման հիմնաքարը պիտի լինի սովորողի՝ ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածը, այլ կատարած ուսումնական գործունեությունը: Իսկ որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, ինչ խոսք, պետք է խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու, այլ ոչ թե պատժելու համար։

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը նորմատիվ փաստաթղթերում 

Ամբողջական պատկեր ունենալու համար՝  նախ ծանոթանանք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին։ Մեկ անգամ ևս միասին ընթերցենք Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները (հոդված 18 1,2 կետեր, հոդված 27, կետ 7) և Հանրակրթության պետական չափորոշչի՝ մեզ հարկավոր VI, IX բաժինները, անդրադառնանք նաև Հանրակրթության պետական կրթակարգին։

Եվ այսպես՝  Հանրակրթության մասին ՀՀ օրենք

Հոդված 18. Սովորողների գնահատումը և ատեստավորում

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

Հանրակրթության պետական չափորոշչի VI-րդ բաժնի 16-րդ կետում ամրագրված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը, իսկ , IX բաժնում ներկայացված են հետևյալ կետերը՝

IX.ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

48. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

49. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»:

Կարծում ենք՝ առանցքային փաստաթուղթ է նաև 2004-ին ընդունված Հանրակրթության պետական կրթակարգը, որի 11-րդ բաժինն ամբողջությամբ վերաբերում է գնահատմանը։

11. ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների ստուգումը և դրա հիման վրա ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի վերահսկումն է:

Գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը:

Գնահատման գործող համակարգի վերափոխումը պայմանավորված է որոշակի հիմնախնդիրների առկայությամբ: Դրանք են`

ա) գնահատումը հիմնականում բացահայտում է սովորողի ստացած տեղեկությունների ու փաստերի մտապահման աստիճանը և չի նպաստում նրա ճանաչողական-կիրառական կարողությունների ու հմտությունների զարգացմանը.

բ) գնահատման գործընթացը թափանցիկ չէ և ամբողջովին չի բացահայտում ուսուցման արդյունքները, չի արտացոլում յուրաքանչյուր սովորողի և դպրոցի առաջընթացի իրական պատկերը.

գ) դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեությունը գնահատելիս հաշվի չեն առնվում տվյալ դպրոցի առանձնահատկություններն ու հնարավորությունները, սահմանված չեն դպրոցների գնահատման միջինացված միասնական չափանիշներ.

դ) հինգմիավորանոց համակարգը չի ապահովում ճշգրիտ տարբերակված գնահատում և միավորային համարժեքության որոշման առումով բարդություններ է առաջացնում այլ երկրների գնահատման համակարգերին համադրելիս:

Սովորողների գնահատման նոր համակարգի մշակումը և կիրառությունը պետք է կատարվի առարկայական չափորոշիչների և ծրագրերի ներդրմանը զուգահեռ:

Գնահատման ներդրվող համակարգը պիտի հիմնվի արդարության, հուսալիության, անկողմնակալության, հավաստիության, հիմնավորվածության, մատչելիության, թափանցիկության սկզբունքների վրա և ապահովի համադրելիությունը միջազգայնորեն ընդունված գնահատման չափանիշներին:

Գնահատումը բացահայտում է նաև ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, որոշակի առարկայի յուրացման մակարդակի առանձին ուսումնական հաստատությունում, մարզում, ինչպես նաև` հանրապետության ողջ տարածքում:

Ամփոփենք՝  համաձայն  Հանրակրթության պետական չափորոշչի՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքների՝  հանրակրթական ուսումնական հաստատություններում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով: Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: Քանակական գնահատումը սկսվում է 1 միավորից, չունի անբավարար սանդղակ և ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները։

Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

Հասկանալու համար՝  ինչ ասել է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) գնահաման ձևեր, բացենք  Հայոց լեզվի և գրականանության չափորոշիչը։ Չափորոշչի «Գնահատում» բաժնում նշվում է, որ հայոց լեզվի, գրականության ուսումնառության գործընթացում կիրառվում են գնահատման հետևյալ տեսակները՝

  • ախտորոշիչ
  • ձևավորող կամ ուսուցանող
  • միավորային

Գնահատման այս տեսակների բացատրությունները կարդալուց հետո պարզ չէ՝ գործնականում ինչպես է ձևավորվում միավորային գնահատանիշը։ Չկա գործիքակազմ՝ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի պատկերացնել գնահատումը։ Փոխարենը՝ «Գնահատման գործընթացում շեշտադրվում է ակադեմիական ազնվության պահպանումը»։

Համաշխարհային փորձի ուսումնասիրություն․ կառուցողական գնահատում

Ուսումնասիրելով աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձը և ուսուցման մեթոդական մշակումները` պարզ է դառնում, որ այդպիսիք իրականացնում են կառուցողական ուսուցում։ Իսկ, որպեսզի արդյունավետ դասավանդում իրականացվի՝ գոյություն ունեն ուսումնառության գնահատման չափանիշներ, որոնք ի սկզբանե ստեղծվել են ուսուցիչներին օգնելու համար. դրանց գործնական կիրառումը նպաստում է յուրացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Հասկանալու համար՝ ինչ ասել է կառուցողական գնահատում, նախ պետք է հասկանանք՝  որոնք են աշխարհի առաջադեմ  կրթություն իրականացնող երկրներում ներդրված ուսումնառության չափանիշները։

Այդ չափանիշներն են`

  • դրական դիրքորոշում և պատկերացում ուսումնառության առարկայի մասին
  • գիտելիքի ձեռքբերում և գիտելիքների միավորում, համադրում
  • գիտելիքի յուրացում և կատարելագործում
  • գիտելիքի նպատակային կիրառում:

Նկարագրված են նաև կառուցողական ուսուցման քայլերը՝

Կողմնորոշում, երբ սովորողի նպատակներին և նրա ուսումնառության շարժառիթներին իմաստ է հաղորդվում: Սովորողը պետք է հստակ իմանա, թե ինչ է սովորելու և այդ նոր գիտելիքն ինչով է իրեն անհրաժեշտ, որտեղ է այն կիրառելու:

Հարց ու պատասխան (երկխոսություն), երբ սովորողները մտքեր են փոխանակում:

Մտքերի վերակառուցում, երբ սովորղները կատարելագործում են իրենց մտքերը՝ դրանք բառերով ձևակերպելու և այլ գաղափարների հակադրելու համար։

Նոր մտքերի բազմազանություն, գնահատում, գաղափարների կիրառում, երբ սովորողները կիրառում են իրենց գիտելիքները թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ իրավիճակներում:

Կառուցողական ուսուցման գնահատման ձևերը բազմազան են`

  • էլեկտրոնային թղթապանակներ
  • գրավոր հաշվետվություն
  • բանավոր հաշվետվություն
  • խմբային քննարկումներ
  • բանավեճ
  • նյութի տպավորիչ ներկայացում, ելույթ
  • տեսանյութեր, ռադիոնյութեր, հրատապ նորություններ
  • լուսապատկերներ (սլայդ)
  • մեդիահաշվետվություն
  • ձայնագրքեր և տեսագրքեր:

Փաստորեն, աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձը վկայում է, որ կառուցողական ուսուցման մեջ կարևորվում է նույնքան կառուցողական գնահատումը։ Նման գնահատումը, ըստ էության, սովորողին հնարավորություն է տալիս կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու այլևայլ կարողությունները:

Հեղինակային կրթական ծրագիր․ գործունեության գնահատման գործիքակազմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:

Ասել է թե՝ սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ, որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է կիսամյակային գնահատականը փոխել:

Փորձեմ ներկայացնել Ավագ դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման գնահատման գործիքակազմը, որը ներդրվել է առնվազն 10 տարի առաջ՝ ամեն տարի լրամշակման ենթարկվելով հենց սովորողների կողմից։ Գնահատման այս սանդղակը ճկուն է, պարզ է և հասկանալի: Այն միանգամայն չափելի և տեսանելի է դարձնում սովորողի ուսումնական աշխատանքը և, ըստ էության, ունի երեք մակարդակ`

  • առաջին մակարդակ` ընդհանուր հանրակրթություն
  • երկրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագիր
  • երրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագրի զարգացում. ինքնակրթություն։

ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ. Ընդհանուր հանրակրթություն, 4-6 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Հեղինակային կրթական ծրագիր, 7-8 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում, այն է՝

  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
  • այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
  • ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
  • ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։

ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Ինքնակրթություն, 9-10 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև`

  • նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
  • արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
  • ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք

Կրեդիտավարկանիշային համակարգն Ավագ դպրոցում

Սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման կարգի համաձայն․ այս ուսումնական տարվանից Ավագ դպրոցում ներդրվում է կրեդիտավարկանիշային համակարգը, ըստ որի՝

13․ 10-11-րդ դասարանի սովորողը հաջորդ դասարան տեղափոխվում է ուսումնական գործունեության ընթացքում հավաքած կրեդիտների հիման վրա։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, նրա ոսումնական այլ գործունեության արդյունքներով, այդ թվում՝ նախագծերի, ստուգատեսների, ցուցահանդեսների, համերգների, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի մասնակցություն։ Սովորողը հունիսյան ճամբարի ընթացքում ցուցադրում է իր կարողունակությունները։

14․ 12-րդ դասարանի շրջանավարտի տարեկան գնահատանիշները նշանակվում են ուսումնական գործունեության արդյունքում հավաքած կրեդիտներով։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, սովորողի ուսումնական այլ գործունեությունների արդյունքների, այդ թվում՝ նախագծային, ստուգատեսների, ցուցահանդեսի, համերգի, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի։ Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ներկայացումը կազմակերպվում է «Ցտեսություն» շուրջտարյա նախագծով։

Եվ, քանի որ տարիներ շարունակ Ավագ դպրոցում իրականացվել է գործունեության գնահատման գործիքակազմը, միանգամայն հնարավոր և իրատեսական է դառնում գործիքակազմի միջոցով կրեդիտավարկանիշային համակարգին անցումը։ Խնդրեմ՝

Հայոց լեզու- 1․5 կրեդիտ

0․5 կրեդիտ-ուսումնական պարապմունքին մասնակցության համար, այն է՝ քերականական վարժությունների կատարում (5-6 միավոր)։

0․5 կրեդիտ-գործնական քերականության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում (7-8 միավոր), այն է՝

  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • լրատվություն, բլոգի համար նյութի ստեղծում
  • այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն

0․5 կրեդիտ-Գործնական քերականության պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև ինքնակրթություն (9-10 միավոր), այն է՝

  • ստեղծագործական բլոգի ղեկավարում
  • ուսումնասիրություն
  • հետազոտական աշխատանք

Գրականություն-1․5 կրեդիտ

0․5 կրեդիտ-ուսումնական պարապմունքին մասնակցության համար, այն է՝ գրականագիտական առաջադրանքների կատարում։ (5-6 միավոր)։

0․5 կրեդիտ-գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում (7-8 միավոր), այն է՝

  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
  • ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։

0․5 կրեդիտ-գրական ընթերցանության, խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև ինքնակրթություն (9-10 միավոր), այն է՝

  • ստեղծագործական բլոգի ղեկավարում
  • հետազոտական աշխատանք

Գնահատման գործունեության ներկա համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը: Այն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշափելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում:

Ամփոփում

Ըստ Կրթակարգի՝  գնահատման հիմնական գործառույթներն են`

  1. սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը.
  2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը.
  3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը.
  4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը.
  5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը.
  6. մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը.
  7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը.
  8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
  9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը.
  10. դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Գնահատման գործընթացի վերոհիշյալ գործառույթներին, ըստ էության, մեր ժամանակներում կարելի է ավելացնել ևս մեկը՝

11․ սովորողի կարողությունների գնահատումը

Եվ վերջում՝  մեր ժամանակներում գիտելիքն ավելին է, քան սոսկ տեղեկատվությունը: Եվ որքան այն իրական-շոշափելի-կիրառվող է այսօր, այնքան ավելի հավանական է դրա գործածությունը հետագայում: Առավել քան համոզված ենք՝ կրթության իրական իմաստը ոչ թե սովորողի գլուխը «շտեմարան» սարքելն է, այլ անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ զարգացնելը:

Օգտագործված գրականություն, հղումներ

Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները, Երևան, 2005

Հանրակրթության մասին ՀՀ օրենք

Հանրակրթության պետական կրթակարգ

Հանրակրթության պետական չափորոշիչ

Հայոց լեզվի և գրականանության չափորոշիչ

Գործունեության գնահատման համակարգ

Ձևավորող կամ ուսուցանող` կառուցողական գնահատում

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

5-12-րդ դասարանում կիսամյակային գնահատականը փոխելու կարգ

Սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման կարգի համաձայն

Կրեդիտային համակարգն Ավագ դպրոցում

Հեղինակ՝  Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց

Գնահատման գործընթացի գործառույթները: Один комментарий

Оставьте комментарий