«Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ

Սահյանական ընթերցումներ

Արդյունքներ

5-ից 7 նախադասությամբ գրավոր պատասխանիր տրված բանաստեղծությունների հարցերին և առաջադրանքներին:

9-րդ դասարան

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:

2. 7-ից 10 նախադասությամբ գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

10-րդ դասարան

1. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

2. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
3. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
 
Հարցեր և առաջադրանքներ՝  
  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

11-րդ դասարան

  1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Հավանածդ բանաստեղծությունը բարձրաձայն կարդա:

2. Քո ընտրությամբ վերլուծիր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը:

3. Ընտրիր սահյանական քո տողը և գրիր շարադրություն:

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր: