Ընդհանուր դիտարկումներ
Առաջին հայացքից, կարծես թե, ներկայացված են քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ: Սկսենք:
1. Հանրակրթության պետական ներկայիս Չափորոշիչը սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ) նախկին կարողությունների և հմտությունների փոխարեն: Շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները կառուցված են կարողունակությունների (գիտելիք, վերաբերմունք, արժեհամակարգ) հիման վրա:
2. Սահմանափակում է առարկայական ծրագրերի բովանդակությունը՝ տեղ բացելով նորարարական ու ստեղծագործական մոտեցումների համար։
3. Նախկինում դպրոցն իր ուսումնական պլանը ձևավորելու համար գործնականում հնարավորություն չէր ունենում։ Հիմա դպրոցը շատ ավելի լայն հնարավորություններ է ստանում՝ անհատական ուսումնական պլանը կազմելու համար:
4. Սահմանվում են կոնկրետ առարկաներ, իսկ դպրոցական բաղադրիչի 1-4 ժամով առաջարկում է դպրոցին ներմուծել առարկաներ:
5. Նախկին Չափորոշիչը կենտրոնանում էր գիտելիքների յուրացման վրա, քանի որ հիմնականում դա էր պահանջում թեմատիկ ամփոփիչ, ավարտական և ընդունելության թեստերը: Իսկ հիմա շեշտը դրվում է կարողականությունների զարգացման վրա, ինչը նշանակում է՝ հորիզոն է բացվում հետազոտելու, ստեղծագործելու համար:
6. Հրաժարում «Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը» սահմանումից, ինչը հնարավորություն կտա ներդնել նոր բովանդակություն և նոր ծրագրեր:
7. Վերաձևակերպվել է «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Խնդրեմ՝ «Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»:
Ըստ այդմ՝ առաջարկվում է հետևյալ 7 բնագավառները.
- Հայոց լեզու և գրականություն
- Հայրենագիտություն
- Օտար լեզուներ
- Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
- Հասարակություն, հասարակական գիտություններ
- Արվեստ և արհեստ
- Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
8. Հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։
9. Չափորոշիչն ամրագրում է պարտադիր չորս առարկաներ՝
- հայոց լեզու և գրականություն
- մաթեմատիկա
- հայոց պատմություն
- օտար լեզու
Այս առարկաներն ունեն կայուն ժամաքանակ բոլոր դպրոցներում։
10. Պակասեցվել է դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով առարկայական ծրագրերում նախատեսված բովանդակության բեռնաթափումը:
11. Առաջարկվում է ուսումնական պլանում ներառել երեք բաղադրիչ՝
- պետական բաղադրիչ
- դպրոցական բաղադրիչ
- անհատական բաղադրիչ:
12. Հնարավորություն է տրվում ձևավորել անհատական դասացուցակ:
13. Կրեդիտային համակարգի ներդրում Ավագ դպրոցում: Աշակերտները, սպորտի կամ որևէ արվեստի բնագավառի դասերին հաճախելով՝ կրեդիտներ կհավաքեն և դրանք կկարողանան ներկայացնել դպրոց։ Սա հնարավորություն կտա սովորողներին ներգրավվել համայնքում գործող տարբեր հաստատություններում:
14. Ավագ դպրոցում մոդուլային ուսուցման հնարավորության ներդրում:
15. 7-րդ դասարանից նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրում:
16. Առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:
17. Բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարում, ասել է թե՝ կվերացնի երկտարեցիության երևույթը:
18. Չափորոշիչում ազատության ավելի չափավոր մակարդակ է սահմանում, այն է՝ առաջարկվում է սահմանել այն ընդհանրական կարողունակություններն ու հանրակրթության հիմնական ծրագրերի շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքները, որոնք կուղղորդեն առարկայական ծրագրերի մշակումը:
19. Բնագավառների նվազագույն բովանդակություն չսահմանելով և դրանց հատկացվող ժամաքանակի տոկոսային ներկայացվածությամբ ապահովվում է ազատության և ճկունության ընդունելի մակարդակ:
20. Պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղվող ֆինանսավորման մեծացում, որն ուղղված կլինի աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև տարաբնույթ խմբակները ֆինանսավորելուն:
21. Հրաժարում հոսքային ուսուցումից։ Դրա փոխարեն աշակերտը, բացի պետական պարտադիր առարկաներից, կկարողանա ընտրել իր նախընտրածները:
Եզրակացություն
Այսպիսով՝ որքան որ ես եմ հասկանում՝ այս Չափորոշիչով
- առաջին պլան է մղվում սովորողների կարողականությունների ձևավորումը
- այդ ձևավորմանը նպաստելու է հանրակրթության բովանդակությունը
- նոր միայն հետևելու են առարկայական ծրագրերը, գնահատման մեթոդաբանության մշակումը և դասագրքերի ստեղծումը
Հետևություն
Հանրակրթության պետական այս Չափորոշիչը նախկինի համեմատ ավելի ճկուն է և չափավոր (թե՞ զգուշավոր) ազատություն է տալիս, այլ հարց է, թե այն որքանով ապագայում կիրառելիություն կունենա: Համենայն դեպս, ես այնքան էլ մեծ հույսեր չեմ փայփայում: Ինչո՞ւ եմ այդպես կարծում: Դե, որովհետև նախորդ Չափորոշիչն էլ այդքան վատը չէր, բայց դա չօգնեց, որ մենք այսօր ունենանք լավ կրթություն: Արդյունքում՝ ունենք այն, ինչ այսօր ունենք: Ինչևէ, Ժամանակը ցույց կտա…
Ի դեպ, ներկայիս Չափորոշիչը նկատելի ընդհանրություններ ունի Էստոնիայի կրթական համակարգի հետ: Էստոնական կրթական համակարգը, ըստ գնահատման միջազգային PISA կազմակերպության, իրականացրած «Վագրի թռիչք» կոչվող կրթական բարեփոխումների շնորհիվ, արդեն իսկ հայտնվել է աշխարհի հինգ լավագույն կրթական համակարգերի շարքում: Սակայն Էստոնիայի կրթական համակարգն ի տարբերություն մերինի, ըստ իս, երեք կարևորագույն առավելություն ունի.
- հասարակական պայմանավորվածություններ՝ կրթական հարցերը խիստ կարգավորելու փոխարեն
- կրթության արդյունքի համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին
- դպրոցներին առավելագույն ինքնավարություն և ազատություն:
Հետգրություն
Հընթացս մտաբերեցի, որ նախկինում նման մի բան արվել էր՝ համեմատվել էին Հանրակրթության պետական չափորոշիչը, Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց լեզու, գրականություն» առարկայի չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հիմնական դպրոցի մայրենի լեզվի ծրագիրը:
Խնդրեմ՝ եթե հետաքրքիր է՝ կարող եք ծանոթանալ:
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան
Հանրակրթության պետական հին և նոր չափորոշիչներ: Один комментарий