Ուսումնական նոյեմբեր. 9-րդ դաս.

Նոյեմբերի 28

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 131, 132

Նոյեմբերի 29

Գրել կապակցված խոսք տրված բառերով. հովիտ, մասրենի, ծաղկաբաժակ, կայծակ, ձի, արձակել, ոտնաձայն, վառվել, վտանգավոր, թաքնվել:

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

Նոյեմբերի 30

Կատարած աշխատանքի ներկայացում, գնահատում

Դեկտեմբերի 1, 2

9-րդ դաս.-ի գրականության ցանկ

Գրականություն. Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի»

Հառաջաբան

Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած՝ փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ: Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն, էն ա, հոգին առավ: Հենց ուզում էր, որ ի՛ր թուրը իր սիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զորականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագավորի միամոր որդին, որ հոր մահը չտեսավ առաջին, քսան տարվա փակ լեզուն իսկույն կապը կտրեց, բաց էլավ, ու քսան տարվա լուռ սիրտը իր առաջին ձենը տվեց.

— Անօրե՛ն, էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՞րն ա:

Զորականի ձեռները թուլացան. թագավորն իր գլուխն ազատեց, քսան տարեկան լալ (մունջ) որդին իր հորը պրծացրեց:

Էսքան տարի ողորմելի թագավորազն իր կյանքն անց էր կացրել, ո՛չ ծնողաց էնքան սերը, էնքան գութն ու փափագը, որ նրա ձենը մի լսեն, մի սիրտըները հովանա, ոչ էն փառքն ու մեծությունը, ո՛չ էն պատիվն ու իշխանությունը, ո՛չ էն գանձն ու հարստությունը, ո՛չ աշխարքիս սերն ու վայելչությունը, ո՛չ էնքան սիրելյաց ու բարեկամաց սերն ու քաղցր զրիցը, ո՛չ ամպի ձենը, ո՛չ գետի ու թռչնոց էն անուշ եղանակը էնքան վախտ նրա սրտին է՛ն ներգործությունը չէին տվել, որ մեկ ծպտա էլա, ու իր հոր, իր ազիզ հոր մահը որ առաջին տեսավ, սիրտն էլ իր խուփը ետ քցեց, պապանձած լեզուն էլ իր կապը կտրեց, փակ բերանը իր կսկիծը հայտնեց, կարոտ, վերջին թելն ընկած հերը իր որդու ձենը լսեց, [ էջ ]որ լսողի սիրտն էսօր էլ ա կրակ ընկնում, երբ մտածում ա, թե որդիական սերն էր, որ բնության գրած զնջիլը էսպես ջարդեց ու փշրեց:

Ո՛չ քսան, երեսուն տարուց ավելի ա, իմ ազիզ հե՛ր, իմ սիրելի ա՛զգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա. գիշեր-ցերեկ լացն ու սուգ իմ աչքիցս, ա՜խն ու ո՜խը իմ բերնիցս չի՛ պակսում, ա՜յ իմ արյունակից բարեկամք, որ մեկ միտքս ու մուրազս ձեզ պատմեի ու հետո հողը մտնեի: Ամեն օր գերեզմանս առաջիս տեսնում էի, ամեն սհաթ մահվան հրեղեն սարը գլխիս պտտում էր, ամեն րոպեի ձեր սիրտն ու դարդը հոգիս էրում,մաշում էր. լսում էի ձեր քաղցր ձենը, տեսնում էի ձեր սիրուն երեսը, իմանում էի ձեր ազնիվ միտքն ու կամքը, վայելում էի ձեր ազիզ սերն ու բարեկամությունը, մտածում էի ձեր կորցրած փառքն ու մեծությունը, մեր առաջին, է՛ն հիանալի թագավորաց, իշխանաց գործքն ու կյանքը, մեր Հայրենյաց, մեր սուրբ աշխարքի առաջվան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազզի աննման բնությունը ու արած քաջությունները: Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս, թե ի՞նչ աշխարքի ծնունդ եմ ես. դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ, երազում թե լուրջ, միշտ մեր երկրի անունն ու պատվականությունը իմ առաջս էր բերում. Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ՝ քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրա՛նց որդին եմ. Եվրոպա թե Ասիա՝ ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի՝ բնակիչը. դաշտում թե ժամում, չոլում թե տան՝ էն քարերն էլ ուզում էին, որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազզի ոտը կոխել ա ու էսօր էլ կոխում ա. շատ անգամ, մեկ հայ տեսնելիս, ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ,— բայց, ա՜խ, լեզուս փա՛կ էր, աչքս՝ բա՛ց, բերանս՝ բռնա՛ծ, սիրտս՝ խո՛ր, ձեռս՝ պակա՛ս, լեզուս՝ կա՛րճ. գանձ չունեի, որ գործով ցույց տայի ուզածս. անունս մեծ չէր, որ ասածս տեղ հասնի. մեր գրքերն էլ՝ գրաբառ, մեր նոր լեզուն էլ՝ անպատիվ, որ սրտիս հասրաթը խոսքով հայտնեի. հրամայել չէ՛ի կարող, խնդրեի, աղաչեի էլ՝ լեզուս մարդ չէ՛ր իմանալ, չունքի ես էլ էի ուզում, որ ինձ վրա չծիծաղին, չասեն՝ կոպիտ ա, հիմար ա, որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի, ես էլ էի ուզում, որ ասեն. «Օ՜հ, էնպես խորը, խրթին շարադրել գիտի, որ սատանեն էլ միջիցը մեկ բառ չի՛ կարող իմանալ, հասկանալ»: Ես էլ էի ուզում, որ իմ գլուխս ցույց տամ, որ ինձ վրա զարմանան ու ինձ գովեն, թե հայերեն շատ խոր տեղակ եմ: Ով մեկ լեզու գիտի, ես մեկ քանիսը գիտեմ. ի՞նչ գիրք ասես, որ չեմ սկսել թարգմանիլ ու կիսատ թողալ. ոտանավոր, շարադրություն հո՛, էնքան եմ գրաբառ գլխիցս դուս տվել, որ մեկ մեծ գիրք էլ է՛ն կդառնա:[ էջ ]

Էս միջոցումը աստված ինձ մեկ քանի երեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի: Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում: Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս: Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը: Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվըներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ: Ո՞վ չի՛ ուզիլ լսիլ, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը թե էսպես բաներ ըլին, թո՛ղ աչքս հանեն: Էլ ընչո՞վ էրեխին քո լեզուն սիրիլ տաս: Գեղըցու վրա ջավահիր ծախիր, հա՛, շատ լավ բան ա, ամա որ կարողություն չունի, մեկ կտոր ճաթի հետ էլ չի՛ փոխիլ քո տված անգին քարը:

Է՛ս հո էս. Եվրոպիումն էլ որ չէի կարդում բազի գրքերում, թե հայ ազգը պետք է որ սիրտ չի՛ ունեցած ըլի, որ էնքան բաները գլխովն անց են կացել, մեկ մարդ էլա չի՛ դուս էկել, որ մեկ սրտի բան գրի, ինչ կա՝ եկեղեցու վրա ա, աստծու ու սրբերի, բայց հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի, Սոֆոկլեսի գրքերը էրեխեքն էլ գլխատակներին ունեին, չունքի բոլոր աշխարհի բաներ են: Թե ասեի՝ բոլոր եվրոպացիք են անխելք անհավատ, որ աստծու բանը թողած էսպես ծռտի-մռտի բաների հետ էին ընկել, հիմարություն կըլեր: Թե չէ, մեր Նարեկը թողած՝ ախր ինչպե՛ս էին նրանք էն գրքերին հավանում: Լավ գիտում էի, որ մեր ազգը էնպես չէ՛ր, ինչպես նրանք ասում էին, ամա ի՞նչ անես. անաղուն ջաղացի քարն էլ չի՛ պտիտ գալիս, ո՞ւմ ասես:

Միտք էի անում, որ թե կտրիճ մարդ ասես, մեր միջումը հազարավորն են էլել ու էսօր էլ կան. թե խելոք խոսք ասես, մեր պառավներն էլ հազարը գիտեն: Թե աղ ու հաց ասես, սեր, բարեկամություն, քաջություն, երևելի անձինք ասես, մեր գեղըցոնց սիրտն էլ ա լիքը էսպես մտքերով: Առակ, մասալա, սուր-սուր խոսքեր որ ուզենաս, հո էն հետին ռամիկ մարդը մեկի տեղակ հազարը կասի: Ախր ի՞նչ պետք էր արած, որ մեր սիրտն էլ ուրիշ ազգեր իմանային, մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին, մնացել էի տարակուսած: Լավ գիտեի, որ թե օսմանցվի, թե ղզլբաշի երկրումը ինչքան էնպես երևելի, խելոք, հունարով մարդ են էլել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրեկան աշըղ, լավ խաղ ասող, ոտանավոր շինող մարդ են էլել, շատը հայ ա էլել: Մենակ Քեշիշ օղլին, Քյոռ օղլին բավական են, որ ասածս սուտ չի՛ դուս գա: Թո՛ղ էսօր էլ մեկ մարդ Գրիգոր Թարխանովի [ էջ ]հետ խոսա, նրա ասած խոսքերն, նրա էն ճարտար լեզուն, նրա էն հիանալի բոյն ու պատկերը, նրա հենց մեկ հունարը տեսնի, որ հարիր տեսակ զանազան մարդի ու ազգի լեզուն, շարժմունքը, նստիլ վեր կենալը էնպես ցույց կտա, որ քոռանամ, թե Եվրոպիո էն ընտիր թեատրներումն էլ տեսած ըլիմ, ու վարժատան երես հո իր օրումը, կարելի ա, էն ժամանակն ըլի տեսած, որ այբբենը մեր միջումը գաբով էին բռնում, գյուլլով վեր քցում, էն ժամանակը կիմանա, թե հայոց միջումը ի՜նչ հունար կա:

Էսպես բաները մտածելով՝ օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահու տամ: Չէի իմանում, թե սրա չարեն ի՞նչ կըլի: Թո՛ղ լսողը չհավատա, ամա էս ցավն էնպես էր սիրտս առել, որ շատ անգամ գժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ ետ սիրտս լիքը տուն գալիս: Հենց է՛ս էր պատճառը, որ մեկ օր էլ, ամառվան գաստուրի ժամանակին, աշակերտներս որ առավոտը թողի, ճաշիցը ետ ընկա էլի սարեսար: Ճարս կտրվեց, գնացի Նեմեցի Կոլոնիեն, մեկ նեմեց բարեկամի մոտ. նրանք էլ ինձ վրա ցավելով՝ իրեք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն իմ սիրելի աշակերտները ու ծանոթ-բարեկամք իմ սուգս վաղուց էին արել: Հենց իմացել էին, թե Քուռն եմ ընկել, չունքի ամեն առավոտ, րիգուն գնում էի, լողանում: Էլի իմ, ի՛մ ազիզ, ի՛մ սիրելի աշակերտներն էին ընկել ետևիցս, որ բալքի մեկ բան էլա իմանան: Մեկ առավոտ փանջարումը նստած՝ էլի մտքիս հետ էի ընկել, որ նրանք առաջովս անց կացան: Որ չտեսա նրանց, հոգիս տեղըհան էլավ: Իմ ու նրանց էն օրվան իրար տեսնիլը ո՞վ կարա պատմիլ. ով սիրտ ունի, ինքը կիմանա: Բալքի թե գերեզմանումը էս ձեր սերը մտքիցս գնա, ա՜յ իմ սիրելի՛, իմ ազի՛զ բարեկամք. թե չէ, որքան էս կապուտ երկինքը գլխիս ա, շունչս՝ բերանումս, ձե՛զ, ձե՛զ սուրբ պետք է համարեմ ինձ համար, ձեր արևի՛ն մեռնիմ:

Բայց ա՜խ, ե՞րբ ա երկինքը մեկ կերպի մնացել, որ մարդի սիրտը մնա: Հենց մի փոքր մտքիս արևը երևաց թե չէ, էլի սև-սև ամպերը գլխները բարձրացրին, էլի կայծակ ու որոտումն սրտումս մեյդան բաց արին: Ջուրն ընկնիլ՝ էլ չէի կարող, չունքի աստուծո ահը մտքումս, անմեղ քոռփիս ձենը անկաջումս էր, սերն ու ծնողական գութը՝ ջիգյարումս. ես դինջանայի, էթըմին ո՞վ պահեր:

Բանը հենց էս էր, որ ասում էի մտքումս, թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ու՞մ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՛ հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբառ, տասը՝ կըլի որ հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ [ էջ ]իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր, ու՞մ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չե՛մ սիրում:

Ում հետ էլ որ խոսում էի, էն էին թանխա տալիս, թե մեր ազգը ուսումնասեր չի՛, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, Պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռնեձեռ էր ման ածում: Էս էլ լավ գիտեի, որ ինչ երևելի ազգեր կան, բոլորն էլ երկու լեզու ունին՝ հին ու նոր: Ախր թե լուսավորյալ լեզուն լավ ա, ու քարերն էլ պետք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ, նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանդին: Էն լեզվագետ իմաստունը թո՛ղ գնա, կանգնի, գոռա, ջանը դուս գա, լսողը թո՛ղ ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցավի:

Միտք էի անում, որ գիժն էլ էս չի՛ անիլ: Էլի էսպես, մտքիս հետ ընկած՝ շատ անգամ որ ղոնաղ էի գնում յա քաղաքովն անց կենում, ուշ ու միտքս հավաքում էի, թե տեսնիմ՝ խալխը խոսալիս, քեֆ անելիս ի՞նչ բանից ա ավելի հազ անում: Շատ անգամ տեսնում էի, որ մեյդանում, փողոցում մեկ քոռ աշըղի է՛նպես են հայիլ-մայիլ մնացել ու կանգնել, անկաջ դնում, փող բաշխում նրան, որ բերնըների ջուրը գնում էր: Մեջլիս ու հարսանիք հո, առանց սազանդարի ե՞րբ հացը կուլ կերթար: Ասածները թուրքերեն էր, շատը մեկ բառ էլա չէ՛ր հասկանում, ամա լսողի, տեսնողի հոգին գնում էր դրախտը, ետ գալիս: Միտք արի, միտք արի, մեկ օր էլ ասեցի ինձ ու ինձ. արի՛, քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալի՛ր, ղրաղ դի՛ր ու մեկ աշըղ էլ դու դա՛ռ, ինչ կըլի, կըլի, խանչալիդ քարը հո վեր չի՞ ընկնիլ, զառ վարաղդ հո չի՞ գնալ: Մեկ օր էլ դուվեր կընկնիս, կմեռնիս, մեկ ողորմի ասող էլ չե՛ս ունենալ:

Մեկ բարիկենդանի, աշակերտներս որ բաց թողի, սկսեցի, ինչ որ երեխությունիցս լսած կամ տեսած բան գիտեի, տակ ու գլուխ արի: Վերջը իմ ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր քաջ հայի տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին, ու ամենն էլ ուզում էին, որ իրանց ոտը գնամ: Մյուսները մեծ-մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ-սալամաթ, փառք աստուծո, Աղասին՝ աղքատ ու մեռած, նրա սո՛ւրբ գերեզմանին ղուրբան: Ասեցի՝ կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի: Սիրտս էկել էր, բերնիս հասել: Տեսնում էի, որ էլ հայի գիրք ձեռն առնող, էլ հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում: Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք վա՜յն էկել ա մեր օրին: Հայոց լեզուն առաջիս փախչում էր Կրեսոսի նման. երեսուն տարվա փակ բերանս Աղասին բաց արեց:[ էջ ]

Մեկ երես բան դեռ չէի գրել, որ իմ մանկական սիրելի բարեկամ ազնիվ հայազգի պարոնդոքտոր Աղաֆոն Սմբատյանը ներս մտավ: Ուզում էի թուղթս ծածկեմ, էլ չկարացի: Ինձ համար աստված էր նրան էնսհաթին ղրկել, նրա ջանին մեռնիմ: Զոռ արեց, որ կարդամ. բարեկամիցը ի՞նչ պետք է թաքցրած: Սիրտս դողում էր կարդալիս, մտքումս ասում էի, թե հենց հմիկ, որդե որ ա, գլուխը կպտտի, ունքերը կկիտի մյուսների նման ու իմ ախմախության վրա մտքումն էլա հո կծիծաղի, որ երեսիս չասի: Բայց փիսը ես էի, որ նրա ազնվական հոգին դեռ լավ չէի ճանաչել: Վերջացնելիս, որ հենց էն ա, թուրն էկել էր, ոսկորին դեմ առել, որ չասեց՝ «Թե էդպես կշարունակեք, շատ հիանալի բան կդառնա»,— ուզում էի վրա թռչիմ, բերանը, է՛ն քաղցր բերանը համբուրեմ:

Նրա սուրբ բարեկամության եմ պարտական, որ մունջ լեզուս բաց արեց: Նա գնաց թե չէ, կրակը ջանս առավ: Սհաթի տասն էր աոավոտի: Էլ հաց, կերակուր միտքս չէկան: Ճանճը առաջովս անց կենալիս ուզում էի սպանեմ, էնպես էի վառվել: Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել, ինձ թև էր տալիս: Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ՝ էնպես էին կենդանացել, որ էլ աշխարքը միտքս չէ՛ր գալիս: Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլոր բացվել, ետ էին եկել: Նոր էի իմանում, որ գրաբառ ու ուրիշ լեզվներ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին: Ինչ որ ասում էի կամ գրում մինչև էն հադաղը, գողացած կամ հնարած բաներ էին, էնդուր համար հենց մեկ երես բան գրում էի թե չէ, յա քունս էր տանում, յա ձեռս բեզարում: Գիշերվան մինչև սհաթի հինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի. չիբուխն էր իմ կերակուրը, գրիլը՝ իմ հացը: Տանցոնց խնդրելուն, նեղանալուն, խռովելուն էլ չէ՛ի մտիկ անում: Երեսուն թաբաղեն, էն ա, լցվելով էր, որ բնությունը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց: Սաղ գիշերը ինձ էնպես էր երևում, թե նստած գրում եմ. երանի՜ կըլեր ինձ, թե էն մտքերը ցերեկն էին միտս ընկել:

Սի՛րելի կարդացող, չնեղանաս, որ բանն էսքան երկարացրի: Էնդուր համար եմ էստոնք հիշում, որ իմանաս, թե ազգի սերը ի՞նչ լազաթ ունի, ի՞նչ զորություն: Էն առավոտը իմ դուշմանի տանը ո՛չ ետ գա, ինչ որ ես տեսա: Աչքս բաց եմ անում՝ իմ խեղճ, ղարիբ գերմանացի կողակցի ձենն ա ընկնում անկաջս: Տեսնիմ, իմ միայնակ որդին դոշին առած՝ էն արտասունքն ա վեր ածում, որ քարեր կմղկտան: Ծառա ու ղարավաշ էլ մեկ պուճախում են փետացել, կանգնել, ինձ ցավելով մտիկ անում: Ո՞ւմ սիրտը էս սհաթին չէ՛ր ճաքիլ: Գժվածի պես վեր թռա, երեխիս եմ նայում. փառք աստուծո, սաղ ա. կողակցիս եմ աղաչում, սիրտը չի՛ կարում ետ բերիլ: Ի՞նչ էր պատահել, չէի իմանում:

Հարցեր և առաջադրանքներ

  • կարդա, ապա բանավոր դասարանում ներկայացրու Խաչատուր Աբովյանի մասին
  • փոխադրիր այն ամենը, ինչ որ դու հասկացար հառաջաբանից:
  • քո ընտրությամբ մի հատված սովորիր անգիր

Նոյեմբերի  21-27

Գրել կապակցված խոսք տրված բառերով. ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ:

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

Գրել կապակցված խոսք: Թեման և վերնագիրը դուք ընտրեք:

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 126, 127, 128, 129, 130

9-րդ դաս.-ի գրականության ցանկ

Առաջադրանք

Նախ բացիր հետևյալ հղումը. tumblr_lxoywvW53j1qfu4tho1_250.gif

5-7 նախադասությամբ հորինիր  ծիծաղաշարժ պատմություն մարդու և համակարգչի անխոխադարձ սիրո մասին, վերնագրիր:

Նոյեմբերի 14-20

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 121, 122,123, 124,125

«Մխիթար Սեբաստացի» նախագիծ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
  • Կարդացեք, ծանոթացեք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:
  • Ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք:

Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

  • Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.:Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:
  • Համառոտ նկարագրիր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը:

Հոկտեմբերի  31

Կատարած աշխատանքի ներկայացում, գնահատում

Նոյեմբերի 1-6

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ.110, 111,112,113,114,115

Գրականություն«Ավ. Իսահակյան» մեդիափաթեթ

Անգիր բանաստեղծություններ. «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում» 

Ընթերցանության նյութ. «Սաադիի վերջին գարունը» արձակ պոեմը

 Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա

Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրիր բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Տեղեկություններ քաղիր Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացրու:
  • Ի՞նչ ես կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձիր հիմնավորել:

Սաադիի վերջին գարունը

Գարուն էր:

Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը, և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին:
Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին: Նորից լսելու համար բլբուլների երգը և տեսնելու համար գարնան հրաշքը:
Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված բուրալից ճերմակ շղարշներով:
Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.
«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրեկանին, այնպես էլ վարդը իր շրթերն է բանում առավոտյան հովիկին»:
Թեև շա՜տ ծերացել էր Սաադին, սակայն նրա հոգին երազի աչքերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…
Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով. երգում էին իրենց դյութական ռուբայաթները սիրո կրակով կրակված, — ու երգում էին Սաադիի սրտի մեջ:
Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,- և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը: Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով: Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով», — հիշեց Սաադին իր հին խոսքերը:
Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց. — և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի:
Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն:
Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ:
Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով:
Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով:
Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ առյուծների ետևից՝ արծիվների թևերի տակ:
Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավաններ տեսավ. Աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը:
Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփուն բյուրեղը: Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…
Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.
Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, ո՛վ բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…
Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն քար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տվել բոլոր նրանց վրա:
Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. Նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով:
Նայեց այնպես զարմացած և սքանչացած.
_  Այո՛, հրաշք է աշխարհը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի:
Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես առաջին անգամն եմ տեսնում աշխարհը. — աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:
Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գըվգըվալով. և նորից խոսեց իր սրտում.
Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան:
Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեթիաթը:
Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով ու տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե:
Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին:
Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չըփափագի երբե՛ք մեռնելու:
Ո՛վ սեր, դո՛ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն. ես վաղո՜ւց ճանաչում եմ քեզ: Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…
Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է:
Վերջի՛ն գարունը:
Պարտեզի դռնակը բացվեց:
Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին:

Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ:
Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց:
Տխուր էր Սաադին: Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին:
Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ: Ինչո՞ւ ես տխուր:
Սաադին լուռ էր:
Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը. և դու ասել ես քո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե:
Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով:
Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից:
Եվ ծերունուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը:
Քո շնորհած վարդերը, ո՛վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել:

Այո՛, Սաադի. «Ինչո՞ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին: Պահի՛ր հիշատակը բույրի, և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»:
Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը:
Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ, և պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը:
Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.

Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.
«Ծնվում ենք ակամաապրում ենք զարմացածմեռնում ենք կարոտով…»:

Ավետիք Իսահակյան, Վենետիկ 1923թ.

Նոյեմբերի 7-13

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 115, 116,117,118,119,120

Գրականություն . «Ավ. Իսահակյան» մեդիափաթեթ

Անգիր բանաստեղծություններ. «Ես ձեզ ասում եմ»«Արագածին»

Ընթերցանության նյութ.  «Հավերժական սերը» բալլադը

Ես ձեզ ասում եմ

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Հավերժական սերը
I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա — ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…
III
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:

Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:
IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…

Հարցեր և առաջադրանքներ

  • անծանոթ բառերի բացատրություն առցանց բառարանների օգնությամբ
  • ինչ հասկացար Ավ. Իսահակյանի «Հավերժական սերը» ստեղծագործությունից:
  • վերլուծիր Ավ. Իսահակյանի՝ քեզ դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները

Թեմայի ամփոփում

Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

Առաջադրանք  

Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավոր` 5-ից 7 նախադասությամբ ներկայացրու:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s